logo
logo

Ժամանակակիցները Կոմիտասի մասին

Գարեգին Լևոնյան
Գարեգին Լևոնյան

Վանքում ապրում էր հին միաբանական խցերից մեկի մեջ, երկրորդ հարկը կազմող մի սենյակում: Չնայելով որ նրա սենյակը զարդարուն էր գորգերով ու նկարներով, բայց ինքն՝ արվեստագետն ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում և չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա, առանց ներքնակի և բարձի: Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել:

Գարեգին Լևոնյան

Գարեգին Լևոնյան

գրականագետ, արվեստաբան

Հրաչյա Աճառյան
Հրաչյա Աճառյան

Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր: Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն: Կոմիտաս բացառիկ դուրեկան ձայն մը ուներ և արժանացած էր Խրիմյան Հայրիկի մասնավոր համակրանքին, Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ, տոնական օրերը, Կոմիտասը կղեկավարեր դպրաց դասը և պատասխանատու էր խորանեն երգված սաղմոսերգություններու և ավետարաններու ընթերցման: Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց խիզախ, խրոխտ շորորեն, ծանր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան:

Հրաչյա Աճառյան

Հրաչյա Աճառյան

լեզվաբան

Վարշամ Փարսադանյան

Մի որևէ երգ սովորեցնելու համար նա ամեն կերպ աշխատում էր բազմակողմանի ճանապարհով բացատրել նյութի բովանդակությունը. օրինակ, եթե պետք է սովորեցներ «Հորովել» երգը, նա սկսում էր վերլուծել այդ երգը, նկարագրել ռանչպար գյուղացու վիճակը, ….որն իր ցավերն է պատմում եզանը և աղերսում նրան, որ նա օգնի իրեն հերկեն, ցանեն, կալսեն ու պարտքը տան պարտատերին: Երգի բովանդակությունը բազմակողմանի կերպով բացատրելուց հետո Կոմիտասը մոտենում էր դաշնամուրին, նվագում և մեղմ ձայնով երգում:

Վարշամ Փարսադանյան

Վարշամ Փարսադանյան

Կոմիտասի ճեմարանական սաներից

Ավետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան

Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն ու անաղարտ: Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թուրքականին, քրդականին: Կոմիտասը անխոնջ աշխատությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ ապացուցեց հակառակը. ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրված, ինքնուրույն և անաղարտ:

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան

բանաստեղծ