Ժամանակակիցները Կոմիտասի մասին

1905 թվին, Փարիզ, նոյեմբեր ամսին էր, Կոմիտասի հետ տենդավառ պատրաստվում էինք հայկական մեծ նվագահանդեսին: Վերջապես հասավ դեկտեմբերի 1-ի իրիկունը: Salle des agricultuteurs-ի մեծ սրահը ծայրից ծայր լիքն էր, Կոմիտասը միայն ջղերի ուժով ոտքի վրա էր՝ այնքան հոգնած էր նախընթաց աշխատություններից և փորձերից: Նրա ձայնը այնպես կտրված էր, որ մոտիկ բարեկամներս և ես դողում էինք, թե ինչպես պիտի հաղթե այդ սոսկալի ֆիզիկական հոգնածությունը: Ահա հասնում է այդ րոպեն. վարդապետը խիստ և վսեմ հագուստով մոտենում է փոքրիկ երգեհոնին և ինքն իրեն դաշնակցելով սկսում մեղմամեղմ (pianissimo) «Տիրամայր» խաչի երգը: Ամբողջ հասարակությունը կարծես պապանձվել էր, մարդիկ կարծես իրանց շունչը պահել էին, որ ավելի ևս կարողանան ըմբռնել այդ անասելի ցավին հետ մեր ազգին դարավոր աղերսանքին վսեմ եղանակը: Տպավորությունը անպատմելի էր: Շատ անվանի Փարիզի երաժիշտներ ու երգիչներ պատմում էին ինձ, ավելի ուշ, իրենց տպավորությունը, թե երբեք իրանց կյանքին մեջ այդպիսի խոր երաժշտական հուզմունք չէին ստացել:
Մարգարիտ Բաբայան
երգչուհի

Կոմիտասը երեք հարյուր մարդուց բաղկացած երգեցիկ խումբ կազմեց, որոնց կեսը իգական սեռին էին պատկանում: Մոտ վեց շաբաթվա մեջ սովորեցրեց նրանց երգել: Այդ խմբի անդամներից կային այնպիսիներ, որոնք երաժշտության այբուբենին անծանոթ էին: Նա թե՛ գիտության և թե՛ կառավարելու արվեստի տեսակետից շատ ուժեղ լինելով՝ իր չափազանց զվարթ բնավորությամբ բոցավառեց աշակերտների սերը դեպի հուզական երաժշտությունը և համակեց նրանց հոգիները ճաշակավոր և ազնվացնող արվեստով: Նրա կոնցերտների վեցամսյակին արդեն Պոլսո և շրջապատի ժողովուրդները սկսեցին կրքոտ կերպով երգել հայ գեղջուկ երգեր: Կարելի է համարձակորեն ասել, որ մինչ այդ ժամանակ երգված գռեհիկ ու վավաշոտ երգերը դուրս վռնդվեցին գործածությունից: Դա մի վիթխարի հաջողություն էր կուլտուրայի զարգացման տեսանկյունից:
Փանոս Թերլեմեզյան
նկարիչ

Քույրս՝ Արաքսի Մեսրոպյանը, որ այդ օրերուն կապված էր Նիկողոսյան վարժարանին՝ իբրև մանկապարտեզի խորհրդատու, կպատմեր, որ մանկապարտեզի դասի օրերը Կոմիտաս շատ ուրախ տրամադրության մեջ կըլլար: Ան միշտ դասի ազատ ժամեն առաջ կուգար, և օգտագործելով մանուկներու զբոսանքի ազատ ժամերը, կհավաքեր զանոնք իր շուրջը և կերգեր ու կպարեր անոնց հետ: Իսկ երբ դասարան կմտնեին՝ այդ երեխաները այլևս նախորդ դասերու չարաճճի և անզուսպ երեխաները չէին, կարծես ուրիշ երեխաներ ըլլային: Բավական էր, որ Կոմիտաս ըսեր. «Ուշադրություն, մանուկներ», և անոնք, կարծես մագնիսացած, կհետևեն անոր ամեն մեկ ցուցմունքին։ Զվարթ տրամադրությունը Կոմիտաս կնկատեր երեխաներու մտային և հոգեկան ընդունակություններու զարգացման նախապայմանը, իսկ երեխաներուն մեջ այդ տրամադրությունը արթնցնելու համար անիկա օժտված էր բնական և մեթոլոգիական բոլոր տվյալներով:
Աղավնի Մեսրոպյան
դաշնակահարուհի

Եզակի էր ան ինչպես իր երաժշտական բազմակողմանի տաղանդին բոլոր մարզերուն, նույնպես և իր ղեկավարական արվեստին մեջ: Հիմնական սկզբունքներեն մին էր՝ անգիր սովորեցնել խոսքը, երգը, երգվածքի կանոնները, երանգավորումները, շեշտադրումները, շնչառումները և այլ ամեն մանրամասնություն: Չէր մոռնար նախապես պարզել բնագրին իմաստը, բացատրել երգի ստեղծման ու զարգացման պայմանները, ինչպես և խոսքին ու երգին իրար հետ ունեցած աղերսն ու առնչությունը, բոլորը համեմված միանգամայն պատմելու և սրամտելու ախորժելի շնորհով: Տեսիլք մըն էր Կոմիտասը բեմին մեջտեղը, պատվանդանի մը վրա կանգնած, գլխին բոլորշի թավշյա գդակով, բարեձև ու սլացիկ, մինչև ոտքերը ծածկող սքեմով: Իր ձեռին ուներ ձայնատու փոքր դիապազոնը միայն: Կանգնած տեղը գրեթե անշարժ, իսկ ձեռաց շարժումները զուսպ ու ժուժկալ: Անտեսանելի զորություն մը, հորձանուտ մը կը ծորեր ամբողջ իր անձեն, աչքերեն, դիմախաղերեն, շրթներեն, ձեռքերեն ու մատներուն ծայրերեն: Մեկ խոսքով՝ գերմարդ մըն էր ան, ճշմարտապես և ոչ կարծյոք:
Վարդան Սարգսյան
կոմպոզիտոր, խմբավար